понедельник, 30 апреля 2012 г.

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ



Ապրիլի 28-ին Լիճքի միջնակարգ դպրոցի Iբ դասարանի դասվար Ռաիսա Միանսյանը կազմակերպել էր «Հրաժեշտ Այբբենարանին» խորագրով միջոցառում:

Թոթովախոս աշակերտները միջոցառումը սկսեցին Մեսրոպյան ոսկե տառերին նվիրված ոտանավորներով:


Երիտասարդ ուսուցչուհին կարճ ժամանակահատվածում երեխաների մեջ սերմանել էր «Հացը սուրբ է» գաղափարը, որը փոքրիկները ներկայացրեցին հետաքրքիր բեմադրությամբ:

Իսկ ամենաողջունելին միասնության, համախմբվածության նվիրված պարն էր:

Միջոցառումը ուսուցողական հսկայական նշանակություն ունեցավ աշակերտների համար, հնարավորություն ընձեռեց բացահայտել նրանց ներուժը և նրանց մեջ սերմանեց նորանոր հմտություններ:

Աշակերտները հրաժեշտ տվեցին Այբբենարանին և մտան մի նոր հեքիաթային աշխարհ` գրքերի աշխարհ:


 Միջոցառման ավարտին աշակերտներին իր շնորհավորանքի խոսքն ուղղեց դպրոցի տնօրեն Ա. Հոխիկյանը:

воскресенье, 22 апреля 2012 г.

Հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառում



  Ապրիլի 21-ին Լիճքի միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում` նվիրված Հայոց Մեծ Եղեռնին: 
 Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի մեծ դահլիճում: Աշակերտները և ծնողները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառման ընթացքում աշակերտները հատվածներ արտասանեցին Պ. Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմից, ընթացքում հնչում էր Վարդապետ Կոմիտասի կենդանի կատարումները:         
Նաև բաց դաս էին կազմակերպել 12-րդ դասարանի աշակերտները: Բաց դասը անցկացրեցին Հայոց Մեծ եղեռնին նվիրված հուշակոթողի մոտ: Դպրոցի տնօրենը, ուսուցիչները և աշակերտները ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: 


 1915 թ. Ցեղասպանությունը խարանի պես տպված է մեր ժողովրդի ճակատի ու սրտի մեջ. մենք  հավատու՛մ ենք և սպասում Վրեժի Դատաստանին...

среда, 18 апреля 2012 г.

Դպրոցական ծառատունկ Լիճքում




Ապրիլի 14-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները միասնական ուժերով մասնակցեցին սպասված շաբաթօրյակին: Դպրոցի շրջակայքի, հարակից այլ տարածքների մաքրման աշխատանքներից զատ նաև տնկվեց 110 ծառ` պտղատու և դեկորատիվ:


Ծառեր տնկվեցին նաև Հայրենական պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանի շրջակայքում:

Դպրոցում արդեն ավանդույթ է ձևավորվել, և ամեն գարնանն աշակերտները ծառեր են տնկում և առանձնահատուկ խնամքով հետևում դրանց աճին: Դպրոցականների հոգածության արդյունքն էլ հանրակրթարանի մոտ 500 ծառ  ունեցող պտղատու այգին է:


Մի քանի տարի առաջ երեխաները դժկամությամբ էին մասնակցում շաբաթօրյակներին, իսկ հիմա յուրաքանչյուր աշակերտի համար շրջակա միջավայրը մաքուր պահելը «բնավորության գիծ» է դարձել:

Աշակերտները հաճույքով են մասնակցում շաբաթօրյակներին, որի շրջանակներում անպայման ծառեր են տնկվում: Պատանի այգեգործները ոգևորությամբ են սպասում իրենց տնկած ծառերի առաջին բողբոջներին:

Ուրախալին այն է , որ երեխաների մեջ ձևավորվել է պատասխանատվության զգացում. երբ Լիճքի միջն. դպրոցում կազմակերպվում են միջհամայնքային միջոցառումներ, աշակերտներն անձամբ են հետևում, որպեսզի իերնց անվանական ծառերը կամ թփերը չվնասեն:           


«Գարնան զարթոնք» խորագրով միջոցառում Լիճքի միջնակարգ դպրոցում


Լիճքի միջնակարգ դպրոցի աշակերտներն ազդարարեցին գարնան գալուստը:


Մայրության ու գեղեցկության տոնի նախաշեմին օրերս հերթական գեղեցիկ և դաստիարակչական միջոցառումն էր կազմակերպվել Լիճքի միջնակարգ դպրոցում՝ նվիրված մայրերին և ուսուցչուհիներին:


Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին Մարտի 8-ի ստեղծման պատմությունը, որը համարվում է հրեական տոն և նշվում է գարնանամուտին:


«Անակախությունից հետո Հայաստանում փորձեցին Մարտի 8-ը հանել տոնացույցից, և, որպես այլընտրանք, ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն Մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և Մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ»,- իր ելույթում նշեց 5-րդ դասարանի աշակերտ Հայկ Սուքիասյանը:


Աշակերտները ջերմ բարեմաղթանքներ և բանաստեղծություններ նվիրեցին մայրերին և ուսուցչուհիներին:


«Նմանատիպ միջոցառումները դաստիարակչական բնույթ են կրում և պետք է շարունակական լինեն»,- ասում էին ծնողները:




Հայրենասիրական միջոցառում Լիճքի միջնակարգ դպրոցում


Փետրվարի 23-ին Լիճքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ռազմահայրենասիրական միջոցառում` նվիրված ՀՀ բանակի կազմավորմանը (ներառյալ` ֆիդայական շարժումը, Հայաստանի առաջին հանրապետության բանակի ձևավորումը, հայ ժողովրդի հերոսական պայքարը Հայրենական մեծ պատերազմին,Արցախի ինքնապաշտպա-նական պայքարն ու կամավորական ջոկատների հենքի վրա նորանկախ Հայաստանի կանոնավոր բանակի կազմավորումը):

Միջոցառմանը մասնակցում էին 5-6-րդ դասարանների աշակերտները, որոնք մեծ ոգևորությամբ ներկայացրեցին մեր հերոսների կենսագրականները, նրանց խոհերն ու կոչերը,երգեցին հայրենասիրական երգեր:







Հայոց ազգային բանակի կայացման գործում ուրույն տեղ ունեն նաև լիճքեցիները: Պարտադրված պատերազմի առաջին իսկ օրերից մինչ հակառակորդին խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ նստել ստիպելը լիճքեցի կամավորականները մասնակցել են արցախյան ազատամարտին:Արցախի ինքնապաշտպանությանն ընդհանուր առմամբ մասնակցել են 127 լիճքեցիներ, որոնցից 91-ը 1994թ. փետրվարի 23-ին մեկնեցին պատվով պատնեշելու Օմարի լեռնանցքը:

Կայացած միջոցառմանը ներկա էին նաև ազատամարտիկները: Լիճքի ազատամարտիկների ջոկատի հրամանատար Մայիս Հովհաննիսյանին ՀՀ ազգային բանակի քսանամյակի մեդալ հանձնեց Հատուկ գնդի վետերանների խորհրդի նախագահ Վանիկ Առաքելյանը: Նա նաև մի խումբ ազատամարտիկների հանձնեց Հատուկ գնդի վետերանի գրքույկներ:





Ազատամարտիկները նաև հուշեր պատմեցին մարտական կյանքից:«Պատերազմը դաժան բան է, բայց մենք ստիպված էինք զենք վերցրել,քանի որ վտանգված էր մեր ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը»,- ասում էին նրանք:







Հանդիսության վերջում դպրոցի երգչախումբը (ղեկավար՝ Սոնա Սիրականյան) հայրենասիրական երգերի մի շարք նվիրեց ազատամարտիկներին:

Միջոցառման կազմակերպիչներն էին դպրոցի գրադարանավարուհի Մանուշ Հոխիկյանը և կազմակերպիչ Սվետիկ Դավթյանը: