Վաստակաշատ ուսուցիչներ




Սերյոժա Արիստակեսի Գևորգյանը ծնվել է 1928թ. Սեպտեմբերին, Հայկական ԽՍՀ Մարտունու շրջանի Լիճք (Գյոլ) գյուղում: 1935-1936 ուստարում ընդունվել է գյուղի դպրոցի առաջին դասարան և հաջողությամբ գովասանագրերով դասարանից-դասարան է փոխադրվել մինչ IX դասարան` 1943-44 ուստարի: Տնտեսական վատ պայմանների պատճառով II կիսամյակից թողել է դպրոցը և սկսել է կատարել իր տարիքին համապատասխան աշխատանքներ` հիմնականում կոլտնտեսությունում: Սակայն ուսումնատենչ պատանուն միշտ դպրոցն էր կանչում:

1948-1949 ուստարում վերընդունվեց IX դասարան:

1949-50 ուստարում հաջողությամբ ավարտեց 10-րդ դասարանը, սակայն այստեղ էլ տնտեսական վատ պայմանները թույլ չտվեցին որևէ ուսումնական հաստատություն ընդունվել:

1950 թ. Սեպտեմբերից մինչև 1951թ. ապրիլ աշխատել է Լիճքի միջնակարգ դպրոցում որպես պիոներ ավագ ջոկատավար: 1951թ. զորակոչվել է Սովետական բանակ, ուր ծառայել է մինչև 1954թ. դեկտեմբերի վերջը: Ծառայելիս աչքի է ընկել օրինակելի վարքով և բարձր առաջադիմությամբ, որի համար էլ բազմիցս արժանացել է պարգևների` ,,Գերազանցիկ կապավոր,, կրծքանշանի, նյութական պարգևների` անվանական ժամացույց, գրքեր, ինչպես նաև՝ արձակուրդ գալու պատվի:

1955թ. մարտից աշակերտել է Լիճքի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ:

1955թ. ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի հեռակա բաժինը, որն ավարտել է 1961 թվականին:

1962-63 ուստարվանից աշխատել է դպրոցում ուսմասվար:

1963թ. հունվարին մասնակցել է առաջավոր ուսուցիչների հանրապետական հավաքին:

1963թ. սեպտեմբերին Լուսավորության նախարարի կողմից պարգևատրվել է էքսկուրսիոն ուղեգրով:

Ուսմասվար աշխատած ժամանակ ավելի լավ երևաց Ս. Գևորգյանի մանկավարժական հմուտ գործունեությունը, որի հետևանքով հաճախակի երևում էր շրջանային և հանրապետական թերթերի էջերում:

1967թ. սեպտեմբերին պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով:

1969թ. նոյեմբերին վերադասի պահանջով թողեց ուսմասվարությունը և 20 տարի /1969-1989թթ/ մանկավարժական աշխատանքը համատեղեց կուսակցական և սովետական աշխատանքի հետ, որտեղ ավելի ցայտուն դրսևորվեց Ս. Գևորգյանի աշխատանքային եռանդը` այս անգամ տնտեսական բնագավառում:

1969թ. նոյեմբերին ստանձնեց Լիճքի պետական տնտեսության կուսակցական կազմակերպության քարտուղարությունը՝ մինչև 1982թ. մայիսը:

Այդ ընթացքում իր նախաձեռնությամբ իրագործվել են գյուղի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ աշխատանքներ՝ 1970թ. հիմնանորոգվել է Բանդի ջրանցքը, 1972թ ավարտվել է <<Բոռ-բոռ>>-ից գյուղ եկող 14 կիլոմետրանոց ջրագիծը, 1975-ին շահագործվեց խմելու ջրի ջրամբարը, 1975- 1977 թթ կառուցվեց և գործարկվեց պոմպակայանը, 1977-1981թթ կառուցվեց միջնակարգ դպրոցի 1176 տեղանոց շենքը:

1982թ. մայիսից մինչև 1989թ. հունիսը, Լիճքի գյուղխորհրդի նախագահն էր:

Այդ ընթացքում կառուցվել ու շահագործվել է գյուղխորհրդի երկհարկանի տիպային շենքը, 500 համար ունեցող ավտոմատ հեռախոսակայանը, կենցաղի տունը, 6 կմ երկարությամբ փողոցային լուսավորության ցանցը, սկսվեց կուլտուրայի տան շինարարությունը:

1989- 2011թթ. աշխատել է դպրոցում որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ, այսինքն ուղիղ 61 տարի աշխատել է դպրոցում` որպես մանկավարժ: Այդ ընթացքում կրթել և դաստիարակել է բազմաթիվ աշակերտների, որոնք ժամանակին հաջողությամբ աշխատում էին և աշխատում են ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում` եղել են ուսուցիչներ, բժիշկներ, շինարար ինժեներներ և այլն: Նրանցից   3-ը գիտության դոկտորներ են, 5-ը՝ գիտության թեկնածուներ, իսկ մեկը` ակադեմիկոս:


........................................................................................................................................



ԳՎԻԴՈՆ ԿԱՄԻՍԱՐԻ ՍՄԲԱՏՅԱՆ

Գվիդոն Սմբատյանը ծնվել է 1929 թվականին ՀՀ Մարտունու շրջանի Լիճք գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում:

Միջնակարգ կրթությունն ստացել է Լիճքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում, որից հետո ծառայել է Խորհրդային բանակում:

1952-1957 թվականներին սովորել և ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը` ստանալով մանկավարժ-մարզիչի որակավորում:

1957 թվականին մանկավարժական աշխատանքի է անցել Լիճքի միջնակարգ դպրոցում:

1963-1967 թվականներին աշխատել է Լիճքի պետական տնտեսությունում` որպես կոմկուսի ազատված քարտուղար:

1968 թվականին կրկին վերադարձել է հարազատ դպրոց. աշխատել է ուսմասվար, 1980-2003 թվականներին` դպրոցի տնօրեն:

Գվիդոն Սմբատյանի տնօրինության տարիներին Լիճքի միջնակարգ դպրոցը հասել է մեծ հաջողությունների:

Նա մահացել է 2005 թվականին:


.....................................................................................................................................................

         ՀԱՅԿ ԻՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՅԱՆ

 Հայկ Հովհանյանը ծնվել է 1930 թվականի հունիսի 20-ին ՀՀ Մարտունու շրջանի Լիճք գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում:

1937-1947 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Լիճքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը:

1950-1953 թվականներին ծառայել է Սովետական բանակում և զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով:

1954-1958 թվականներին հաջողությամբ սովորել և ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը` ստանալով մարզիչ- մանկավարժի որակավորում:

1958-1962 թվականներին ֆիզկուլտուրա է դասավանդել Ծակքարի դպրոցում: Իսկ մինչև 1985 թվականը` հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: Հայկ Հովհանյանը մահացել է 1985 թվականին:

..............................................................................................................................................





ԼԻԼՅԱ ԱՐՄԵՆԱԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Լիլյա Առաքելյանը ծնվել է 1931 թվականին ՀՀ Արարատի շրջանի Մարմարաշեն գյուղում, գյուղացու ընտանիքում: 1942 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան: Նա սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի Տիմաշենկոյի անվան միջնակարգ դպրոցը:


1952-1957 թվականներին սովորել և հաջողությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը` ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:


1957 թվականին գործուղվել է Մարտունու շրջանի Լիճքի միջնակարգ դպրոց, որտեղ մաթեմատիկա է դասավանդել 45 տարի:


Լիլյա Առաքելյանի հայրենանվեր աշխատանքի հետ է կապվում Լիճքի միջնակարգ դպրոցի շրջանավարտների մաթեմատիկայի լավ իմացությունը: Նա արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, ունի ավագ ուսուցչի որակավորում, կենսաթոշակի է անցել 2002 թվականին:

................................................................................................................................................






ԲԵԳԼԱՐ ԵՂԻԱԶԱՐԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

(1926-2004)


Բեգլար Հայրապետյանը ծնվել է 1926 թվականի փետրվարի 7-ին Լիճք գյուղում, կոլտնտեսականի ընտանիքում: 1935-1944 թվականներին սովորել է Լիճքի միջնակարգ դպրոցում , բայց 10-րդ դասարանի կեսից զորակոչվել է սովետական բանակ, որտեղից զորացրվել է 1950 թվականին և շարունակելով կրթությունը` գերազանցությամբ ավարտել է միջնակարգը: 1951-1956 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:

1956-1959, 1959-1962 թվականներին ղեկավարել է Վեդիի և ապա` Լիճքի միջնակարգ դպրոցները:

1963-2003 թվականներին պատմություն է դասավանդել ծննդավայրի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Նա աշխատանքային տարիներին ստացել է ավագ ուսուցչի կոչում, իսկ 2003 թվականին ճանաչվել է տարվա լավագույն մանկավարժ:

Նա ընտանիքի լավ հայր է. ունի 3 զավակ, 7 թոռ և 2 ծոռ:

Բեգլար Հայրապետյանը մահացել է 2004 թվականի մարտի 4-ին:



Комментариев нет :

Отправить комментарий